ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ(1912-1914թթ․)

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո

Հայերը թուրքական պառլամենտում

Ադանայի ջարդը 1909թ․ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։

1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։

Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ․) և հայկական հարցի վերաբացումը։

Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը` տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս — օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։ Բուլղարական բանակի կազմում մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) , այդ թվում նաև Գարեգին Նժդեհը և Անդրանիկ Օզանյանը ։

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումներ (1912-1914)

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում։

Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության թարգման Ա. Մանդելշտամը՝ առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ, գերադասելի է, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մուսուլման և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդական)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվելով սկսված առաջին համաշխարհային պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը։

1914թ․ ռուս-թուրքական պայմանագիրը

Ռուս-թուրքական համաձայնագիր, 1914 թվականի հունվարի 26-ին Կոստանդնուպոլսում հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված, հետագայում չեղյալ հայտարարված համաձայնագիր։ Կողմերի շահերը ներկայացրել են Ռուսաստանի կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչը և Թուրքիայի արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ փաշան։ Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։

Համաձայնագրի բնույթը

Ըստ կնքված համաձայնագրի՝ արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (1-ինը ընդգրկում էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), 2-րդը Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների, որոնց նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։ Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում գինված ուժեր։ Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, ստորին պաշտոնյաներին փոխարինել նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրքական կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին։ Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ։ Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով։ Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից։ Դատավճիռները կազմելու էին թուրքերեն և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով։ Վիլայեթի ժողովուրդներ կրթության բյուջեում յուրաքանչյուր ցեղային տարրի (ունսուր) բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան։ Կենտրոնական կառավարությունը չէր խոչընդոտելու հավատակիցներին համայնքներում հոգալու իրենց դպրոցների ծախսերը։ Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմանյան հպատակ իր գինվորական պարտականությունը կատարելու էր այն գինված շրջանում, որտեղ նա բնակվում Էր։ «Համիդիե» տխրահռչակ հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում։

Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարգելը (որը տեղի էր ունենալու մարդահամարի միջոցով՝ ընդհանուր տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների (մեջլիս) և Կոմիտեների (Էնջումեն) անդամներն ընտրվելու էին հավասար թվով՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Էրզրումի վիլայեթում (եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար) Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով։ Սվազի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվելու էին համեմատական սկզբունքով և այլն։ Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը։ վարչական մարմիններում անդամներն ընտրվելու էին կես առ կես՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ։ Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում։

Ամփոփում

Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *